Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կապանի դիրքապահների տեսանյութի գոյության փաստը համընդհանուր ողբերգության մի կողմն է միայն: Նույնն ասել ենք փետրվարի 22-ին տեղի ունեցածի մասին, երբ էլի Սյունիքից ինչ-որ զինվորականներ ուղիղ եթերում քաղաքական հայտարարություններ էին անում: Փաստենք նաև, որ դա իշխանական ստոր բեմականացում էր, իսկ մասնակիցները՝ բեմի ծաղրածու-ստահակներ, որոնք, կատարելով քաղաքական պատվեր և քննադատելով Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին, հայտարարում էին, թե իբր Սյունիքից ոչ մի թիզ հող չի հանձնվել:
Անկախ նրանից՝ ուղիղ եթերի մասնակիցները քննադատում են Նիկոլին, թե՝ Հայրենիքի փրկության շարժմանը, զինվորականության նման վարքագծի գոյության փաստն ինքնին խայտառակություն է, իսկ խորքի մեջ՝ ողբերգություն, և այստեղ չի կարող երկրորդ կարծիք լինել:
Առանձին և բազմաշերտ ողբերգություն է Կապանի դիրքապահների տեսանյութի բովանդակությունը: Չքննարկելով տեսանյութում ցուցադրված պայմաններն ու երկրի անվտանգությանն առնչվող պետական գաղտնիք հրապարակելու խայտառակ իրողությունը՝ փաստենք, որ հանրապետությունում պաշտպանության նախարար գոյություն չունի պարզապես:
Տեսանյութի տարածումն առաջին հայացքից վարկաբեկում է Նիկոլի իշխանությանը, բայց, խորքային գործընթացների խորապատկերին, այն միմիայն ծառայում է Նիկոլի ու նրան հովանավորող օլիգարխների թուրքամետ ծրագրերին: Բնականաբար, նման պայմաններում որևէ ծնող չի ցանկանա ծառայության ուղարկել որդուն, և շուտով Նիկոլի հակապետական ու հակազգային իշխանությունը կարձանագրի բանակ չունենալու ցանկության մասին «հանրային պահանջը»:
Ի՞նչ է տեղի ունենում «այսբերգի» չերևացող հատվածում: Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հաշտ գործող Նիկոլի իշխանությունը, իրեն հովանավորող օլիգարխներով հանդերձ, Արցախի վաճառքի՝ հաջողությամբ իրականացված օպերացիայից հետո, բնականաբար, անցել է Արցախի հանձնված շրջանների՝ Ադրբեջանի տնօրինության տակ երկարաժամկետ մնալու երաշխիքների ամրապնդմանը: Այդպիսի երաշխիքներից մեկն Արցախից հայկական զինուժի դուրսբերումն է, մյուսը՝ հայկական բանակի կազմաքանդումը և դրա ձևական գոյության ապահովումը: Երկուսն էլ հաջողությամբ իրականացվում են:
Հ.Գ. Իհարկե, Նիկոլի իշխանությունը Թուրքիային և Ադրբեջանին խոստացել է նաև այլ երաշխիքներ, զորօրինակ՝ Արցախի հանդեպ հայոց պահանջատիրության և այն ձևավորող ազգային ուժերի վերացում կամ չեզոքացում, մոտ ապագայում տարածաշրջանից Ռուսաստանի վտարում և այլն, որոնց կանդրադառնանք լրացուցիչ:
Վահե Սարգսյան