կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 18:37
Քաղաքական

ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են կրթամշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են կրթամշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը խոսել է հայ-ֆրանսիական բազմաշերտ համագործակցության մասին՝ փաստելով, որ կան բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու համար: 

«Անցյալ տարին շատ բարդ էր Հայաստանի համար, բայց մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունը: Այժմ գործնական քայլեր ենք կատարում պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելու համար և այս տեսանկյունից կարևորում ենք համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես կրթության ոլորտում, քանի որ իրական անվտանգությունն սկսվում է կրթությունից: Հաշվի առնելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը և համագործակցության հարուստ փորձը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար հնարավորությունները լայն են»,- ասել է Վահրամ Դումանյանը:  

Դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը. «Մարտահրավերներին դիմակայելու լավագույն միջոցը կրթությունն է, որը հայ-ֆրանսիական հարաբերություններում առանցքային ոլորտ է: Դրա ակնառու դրսևորումներից են Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Կրթահամալիրի բացումը նախատեսվում է մինչև ամառային արձակուրդը. համոզված ենք՝ այն կլինի աշխարհի ամենագեղեցիկ ֆրանսիական կրթահամալիրներից մեկը: Ինչպես կասեր Շառլ Ազնավուրը՝ մենք ունենք կրթահամալիր, որը 100 տոկոսով հայկական է և 100 տոկոսով ֆրանսիական»: 

Ժոնաթան Լաքոտը նախարար Վահրամ Դումանյանին հայտնել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը միջազգային դարձնելու մտադրությունը՝ նշելով, որ այն կարող է դառնալ Կովկասում ֆրանկոֆոն միջազգային համալսարան: ԿԳՄՍ նախարարը կարևորել է մեր երկրում այդ համալսարանի գործունեությունը և դրա ընդլայնմանն ու զարգացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման օրակարգում է եղել նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը:

«Մենք կարևորում ենք Ֆրանսիայի աջակցությունը և դերակատարումը հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններում: Այդ ժառանգությունը ոչ միայն հայկական է, այլև համամարդկային»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Դեսպան Ժոնաթան Լաքոտն արձագանքել է, որ հարցը ֆրանսիական կողմի ուշադրության կենտրոնում է. «Քաջատեղյակ ենք այդ ցավոտ խնդրին: Դեռևս նոյեմբերին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրեց ժողով, որի ընթացքում քննարկվեց պատմամշակութային, հոգևոր արժեքների պահպանման հարցը: Այս տեսանկյունից մեզ համար կարևոր է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքը, այնպես էլ երկկողմ համագործակցությունը: Կա հայկական պատմամշակութային ժառանգության վերափոխման վտանգ, ուստի կարևոր է՝ ներկա փուլում Ադրբեջանը զգա, որ գտնվում է հսկողության ներքո»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության զարգացմանը, մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստմանը, Erasmus+ համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ