կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-10 11:30
Քաղաքական

Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. ՄԻՊ-ն այցելել է Կապան և Կապանի գյուղեր

Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. ՄԻՊ-ն այցելել է Կապան և Կապանի գյուղեր

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա այցերը Կապան քաղաք և Կապանի գյուղեր վկայում են, որ մինչ այս պահը կիրառվող մոտեցումների ու հատկապես Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում այստեղ ևս լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ կոպտորեն խախտվել է: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը: Այս մասին ասվում  է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Ագարակ, Եղվարդ, Ճակատեն և այլ գյուղերում այսօր շարունակվել են մեր այցերը:

Ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը: Ուսումնասիրությունները վկայում են, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Կապանից Երևան տանող (Մ2) միջպետական ճանապարհով տեղաշարժի ու Կապան քաղաքի մի շարք բնակելի վայրերի համար:

Կապան քաղաքի օդանավակայանի և վերը նշված գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց տեղում Գուգլ (Google) և առցանց քարտեզների մի քանի այլ տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասեր:

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա այցերը Կապան քաղաք և Կապանի գյուղեր վկայում են, որ մինչ այս պահը կիրառվող մոտեցումների ու հատկապես Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում այստեղ ևս լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ կոպտորեն խախտվել է: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել Կապանից դեպի Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք իրական վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը: Ընդ որում, պետք է պարտադիր հաշվի առնել, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգության ու բնակիչների կենսական նշանակության իրավունքների համար այս ճանապարհն ունի բացարձակ կարևորություն:

Նշվածից բացի, օրինակ, Ճակատենում, Ագարակում կամ Եղվարդում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց կենսական ապրուստը հոգալու, դրա համար անհրաժեշտ գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից: Ընդ որում, այստեղ նույնպես խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Մինչդեռ, սահմանների որոշման միջազգային կանոններն ուղիղ պահանջում են, որ երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն անձանց, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց բնակարանի, հողատարածքի, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտի ու այլ գույքի նկատմամբ իրավունքներից: Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք: Սահմանների որոշման գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների կենսական կարիքների համար անհրաժեշտ արտովայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման երաշխավորման հարցերը:

Ուստի, մինչ այս պահը կիրառվող մոտեցումները ու հատկապես ՀՀ սահմանների հարցը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով կամ Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով լուծելը, որոնք նաև վտանգում են Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից, բացարձակ անընդունելի է:

Սահմանային դարձած գյուղական բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները զինված պարբերաբար հայտնվում են Հայաստանի Հանրապետության նշված քաղաքացիական բնակավայրերն իրար միացնող ճանապարհների տարբեր հատվածներին ու դա անում են սադրող եղանակով՝ զենքի բացահայտ ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու նպատակով:

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ Կապանում, Ագարակում, Եղվարդում և սահմանային դարձած այլ բնակավայրերում բնակիչները չեն տիրապետում սահմանների որոշմանն ու իրենց իրավունքներին առնչվող տեղեկությունների. սա առաջացնում է անորոշ վիճակ և ստեղծում տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:

Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Կապանի քաղաքապետի, Եղվարդ, Ագարակ և մի շարք այլ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այսօրվա այցերի ընթացքում ձեռք է բերել նաև կոնկրետ իրավիճակներով մարդկանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստեր, որոնց կապակացությամբ կիրականացվեն առանձին ամփոփումներ ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Վաղը նախատեսվում է այց Մեղրի քաղաք»: