կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 22:59
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանի հանրապետության առաջին զինվորական շքերթը՝ Վազգեն Մանուկյանի օրոք

1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Ղարաբաղի բանակը։ Քելբաջարի օպերացիայից և Մարտակերտը հետ վերցնելուց հետո ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և մայիսի տեղի ունեցավ առաջին ռազմական շքերթը, որն ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։

Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը ռազմական շքերթն ընդունելիս․

Մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, հարգելի հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ

75 տարի առաջ՝ հարյուրամյակների ընդմիջումից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին մեր ժողովրդին բախտ վիճակվեց վերականգնել ազգային պետականությունը, ստեղծել անկախ պետություն: Այդ անկախությունը մենք վերականգնեցինք ռազմական հաղթանակով, Սարդարապատի ճակատամարտում:

Մարդկության զարգացման այժմյան ուղղության պետությունների հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մի կախարդական բառ՝ ազատություն: Դա է մարդկության զարգացման ուղին, և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով դրանք պատճառաբանված լինեն, դատապարտված են անհաջողության: Ազատությունը ազգերի և ժողովուրդների համար դրսևորվում է անկախ պետականությամբ և կարևորագույն երաշխիքն է ազգային իղձերի իրականացման, ժողովրդի բարեկեցության: Անկախ պետականության գոյության կարևորագույն երաշխիքն է բանակը: 1918 թվականին մեր անկախության վերականգնումը պայմանավորված էր Սարդարապատի հաղթանակով, անկախության կորուստը՝ 1920թ. ռազմական պարտությամբ: Այժմ նույնն է պատկերը. մեր պետության գոյությունը, ներքին կյանքը, պետականության կառուցումը, մեր ժողովրդի  ատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է, կախված է նրա հաղթանակներից և պարտություններից: Եվ մեր ժողովուրդը, նորածին պետությունը ստեղծեցին հաղթանակող բանակ, որը մարտնչում է արդարության, ազատության, մեր ազգային իղձերի իրականացման համար: Այն, որ մենք այսօր հնարավորություն ունենք խաղաղ պայմաններում հպարտությամբ նշել մեր անկախ պետականության վերականգնման տարեդարձը, պարտական ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ռազմաճակատներում, հանուն մեր ժողովրդի գոյության, հանուն մեր ազգի հզորացման: Այժմ մենք ունենք հզոր բանակ, համալրված լավագույն սպաներով, խիզախ զինվորներով, համակված ազգային ոգով, և այդ  բանակը ի վիճակի է հաջողությամբ լուծել բոլոր այն խնդիրները, որոնք իր առջև կդնի մեր ժողովուրդը, մեր պետությունը:

Կեցցե մեր ժողովուրդը, կեցցե մեր անկախ պետությունը, կեցցե մեր ազգային բանակը: