կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 12:12
Մշակույթ

Շատ զոհեր ունենք, ինչո՞ւ մինչ օրս սգո օր հայտարարված չէ. կինոռեժիսոր

Շատ զոհեր ունենք, ինչո՞ւ մինչ օրս սգո օր հայտարարված չէ. կինոռեժիսոր

Կանխավ տանուլ տված իշխանական մասսան նույնիսկ ծիծաղելի է, որ նստած է այդ աթոռներին. ըստ Yerkir.am-ի՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով՝ մտավորականների հավաքի ժամանակ ասաց կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

«Մենք բավարար չափով սիրեցի՞նք Արցախը, ո՛չ: Մենք Արցախին նայեցինք որպես մի մեծ կճուճի, որտեղ ոսկի կա. ով որքան պաշտոն ուներ, ով ինչքան հիդրոկայան ստեղծեց, ով ինչքան հյուրանոց ստեղծեց… Արցախում 15 հանք կա, որոնք շահագործվում են, որոնք խայտառակ հարստություն են դուրս բերում: Դրանցից մեկը ռուսներինն է: 35 հիդրոկայան կար… Կտրված ոտքով որևէ զինվոր օգնություն ստացե՞լ է այդ կայանների շահույթից: Մենք ոնց կարողացանք, մսխեցինք Արցախը»,- մտահոգված ասաց կինոռեժիսորը։

Նրա համոզմամբ՝ մտավորականները թռիչքային աշխատանք ունեն անելու՝ իրավիճակը կարգավորելու համար։

«Ես ուզում եմ արժանապատիվ վերջացնենք հայ լինելու պատվավոր կյանքը, որ շնորհվել է մեզ մեր հայրերից, մեր պապերից, մեր շարվեշարան ֆիդայիններից, որոնց տապանաքարերի վրա վաղուց տարբեր գույների մամուռ է ձևավորվել։ Ամոթ է։ Այդ արժանապատվությունը մեզ պետք է մղի գործնական աշխատանքի»,- հույս հայտնեց Թադևոսյանը։

Ըստ նրա՝ մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել, և գուցե մեզնից 30-40 տարի պահանջվի, որ այդ որձ տեսակը դարձյալ շարքեր գա։ Այս ամենից բացի, կինոռեժիսորը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մինչ օրս երկրում դեռ սգո օր հայտարարված չէ. «Ինչո՞ւ մինչև այսօր սգո օր հայտարարված չէ: Եթե մեկը կարող է ինձ բացատրել, թե պատճառը որն է, խոստանում եմ ծնկաչոք ներողություն խնդրել։ Դա ուղղակի խելագարություն է»։

Լիլիթ Եղիազարյան