Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավոր չէ, որ պետությունը չիմանա զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե կառավարությունն աշխատում է Կարմիր խաչի հետ, ապա անհնար է, որ Կարմիր խաչը գերիների թվերին չտիրապետի, կարող է՝ մի քանի մարդ ավել-պակաս: Վերջապես իրենք իրականացրել են զորահավաք, կա բանակ, կան ցուցակներ, կոնկրետ մարդկանց հավաքագրել են, ուղարկել են Ղարաբաղ։ Հիմա մեկ ամիս անց իրենք չեն կարողանո՞ւմ հասկանալ, թե՞ ով է հետ եկել, ով՝ չէ, վերջը չե՞ն կարողանում ստուգել և ասել իրական թվերը: Ուղղակի հնարավոր չէ։ Սա կամ կազմակերպչական որևէ ընդունակությունների բացակայություն է, զրոյական լինել է նշանակում կամ միտումնավոր թաքցնել ավելորդ քաղաքական լարվածություն չստեղծելու համար: Ես կարծում եմ, որ երկրորդն է, որովհետև այստեղ առանձնապես կազմակերպչական շնորհք էլ չի պահանջվում, ընդամենը ստուգել: Հիմա ևս պետք է ասեմ, որ երբ պետությունը ստախոս է դառնում, հետևանքները ողբերգական են յուրաքանչյուր քաղաքացու համար:
Ես ասացի, որ պատերազմի սկսման 3-րդ օրը եղել եմ Ղարաբաղում, շատ ծանր օրեր էին և այդ օրերին 100-ի շրջանակում օրական մարդ էր զոհվում: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ երբ ասում ենք՝ մենք հաղթում ենք, մենք արդեն Գետաշեն ու Շահումյանում ենք, բայց այդ հաղթանակի գինը 100-ավոր զոհերն են։ Քանի որ լրիվ այլ բան էին մատուցում, իրենք պետք է նաև թաքցնեին զոհվածների թիվը: Այդ մեկ սուտն իր հետևից բերում է մեկ ուրիշ սուտ: Այդ դիակները Հայաստանին պետք չէին: Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե, օրինակ, պատերազմի առաջին շաբաթը ունես արդեն մոտ 700 զոհ, դու հայտարարել ես ընդամենը 40-50-ի մասին, և հանկարծ Հայաստանում հայտնվում է 700 դիակ, ի՞նչ պետք է անեին, ոնց պետք է բացատրեին: Դե, հիմա դուք ենթադրեք, թե ինչ էին անում այդ ամենը թաքցնելու համար: Հասկանալի՞ է՝ ինչ էր կատարվում։ Սա՛ է պատճառը:
Առաջին զինադադարը երբ եղավ, որ այդպես էլ չաշխատեց, այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց՝ հղում կատարելով Կարմիր խաչի վրա, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայկական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին, ինչու՞: Նաև չհերքեցին, քանի որ, այո, պետք չէ հավատալ Ադրբեջանի նախագահին, բայց երբ նա հղում է կատարում Կարմիր խաչին, և մերոնք չեն հերքում, սա ի՞նչ է նշանակում՝ մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, որովհետև ստանալով այդ դիակները, պետք է բացահայտվեր այն սուտը, որն ուղղակի հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի մասին:
Եվ հիմիկվա այս խառնաշփոթը, այս անհասկանալի վիճակը հետևանք է այդ քաղաքականության. չի կարելի ստել պետարազմի մասին: Մենք առաջին պատերազմի ժամանակ միշտ ասել ենք՝ այս գյուղը կորցրել ենք, այս գյուղը գրավել ենք. չի կարելի ստել:
Իմ հարազատներից մեկը զոհվել է Մարտակերտում, Բելլայի քրոջ թոռն է՝ Հենրի Հարությունով, 20 տարեկան, ժամկետային զինծառայող։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, հուղարկավորվել է այստեղ՝ Եռաբլուրում նոյեմբերի 12-ին։ Մինչև երեկ զոհվածների ցուցակում այդ երիտասարդի անունը չկար։ Սրա անունն ի՞նչ դնեմ, փնթիությո՞ւն: Եվ այդպիսի մարդիկ տասնյակն են, եթե ոչ հարյուրավոր, և այս իշխանությունը նույնիսկ մեկ վայրկյան մտածում է, որ ինքը կարող է շարունակել նստած մնալ աթոռների վրա՞: Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ Եռաբլուրում հուղարկավարված նոյեմբերի 12-ին մինչև այսօր զոհվածների ցուցակում չկա: Պորցիա-պորցիա են տալիս։ Ամեն մի զոհվածի հետևում ընտանիք կա, բարեկամություն կա, ընկերություն կա։ Էս ի՞նչ արհամարհանք է այդ մարդկանց նկատմամբ։
Քանի՞ ընտանիք են ստացել այն 10 միլիոն դրամը, որ հասնում է զոհվածներին կամ առաջին կարգի հաշմանդամներին։ Դուք գիտե՞ք թիվը։ Չնչին թիվ, եթե չեմ սխալվում՝ հարյուր թե ինչքան։ Կարող է՝ սխալվեմ մի քիչ։ Ինչո՞ւ չեք տալիս։ Ինչի՞ չեք կատարում ձեր պարտականությունները։ Ո՞վ է Հայաստանում զբաղվում զոհվածների, անհետ կորածների հարցերով։ Դուք այդ պաշտոնյային գիտե՞ք»։
Լրագրողի դիտարկմանը, որ խաղաղապահներն են սկսել զբաղվել այդ հարցով՝ Քոչարյանն արձագանքեց. « Հայաստանի գործը չէ՞, մենք կառավարություն ենք խաղաղապահներին կի՞ց։ Այդ խեղճ մարդիկ չգիտեն՝ ուր գնալ։ Գնում են պաշտպանության նախարարություն, էնտեղից գալիս են կառավարություն, էնտեղից գնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Ես չեմ լսել մեկ պաշտոնյայի, չեմ տեսել դեմքը, չեմ լսել ազգանունը, ով պատասխանատու է դրա համար։ Ամեն անգամ մեկ նոր մարդ է դուրս գալիս, մի նոր բան է ասում այդ մարդկանց։ Եվ ամբողջ հույսը, որ Պուտինը այս հարցը պետք է լուծի։ Բա դուք ո՞վ եք։ Դո՞ւք ով եք։ Դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը, մտածե՛ք ժողովրդի մասին»։