Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման և Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՀ նախագահի, ԱՀ ՊԲ հրամանատարի և ԱՀ ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ իր պաշտոնակցի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը: