Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 9-ից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։ Այդ օրվանից ի վեր Երևանի կենտրոնում, գրեթե ամեն օր ընթանում են ընդդիմության՝ «Հանուն հայրենիքի փրկության» կարգախոսով հանրահավաքներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ե՛վ հանրահավաքների հարթակում, և՛ ցուցարարների շարքերում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ են։
«Մենք այստեղ ենք Վեհափառ հայրապետի օրհնությամբ։ Ինչպես բոլոր ժամանակներում՝ հայ հոգևորականն իր ժողովրդի հետ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը, որը մի քանի հոգևորականների հետ ներկա է լինում ընդդիմության հանրահավաքներին։
«Մեր նպատակն է, որ հայը հայի վրա երբեք ձեռք չբարձրացնի, որևէ բռնություն չլինի, խաղաղությամբ, համերաշխությամբ լուծվեն մեր ժողովրդին հուզող հիմնահարցերը»,- ընդգծեց նա։
Հայր Ասողիկը լավատես է ու վստահ, որ ժողովուրդն իր ողջախոհությամբ, հավասարակշռված գործողություններով երբեք թույլ չի տա, որ 21-րդ դարում հայրենիք կորցնի: «Մենք պայքարել ենք, մեր հայրենիքը շենացրել ենք, մեր հայրենիքը ընդարձակել ենք և տեր ենք կանգնելու մեր հայրենիքին, ինչ էլ որ լինի»,- նշեց նա։
Արցախում բազմաթիվ խաչքարերի, սրբաքարերի ու եկեղեցիների ճակատագրերի մասին մտահոգված լինելով՝ Հայր Ասողիկն առաջարկում է՝ ժամանակից առաջ չընկնել․ «Եկեք ժամանակից առաջ չընկնենք, համբերությամբ, ողջախոհությամբ սպասենք։ Ես լավատես եմ և կարծում եմ, որ համազգային մեր համախմբումով, ողջախոհ քայլերով կկարողանանք կանխել ինչպես ցեղասպանությունը՝ որպես ֆիզիկական ոչնչացում մեր ժողովրդի, այնպես էլ մեր մշակութային ցեղասպանությունը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և հաղթանակին՝ բոլոր առումներով»։
Լիլիթ Եղիազարյան