Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել, ամոթանք տվել Շոմբի Շարփին՝ լռելու եւ ադրբեջանական ագրեսիան չդատապարտելու համար։
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը եւ Առողջության եւ սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Այցի ընթացքում նրանց ողջունել եւ ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը եւ բուժանձնակազմը:
Այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել եւ շփվել է Նարեկի, Ռուբենի եւ Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաեւ պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի եւ մաթեմատիկայի: Բացահայտեցին որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները եւ պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի:
Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետեւանքով նոր է վերսկսում խոսել, պրն. Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով եւս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:
Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով:
«Ես եւ ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը եւ սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ եւ տեւական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշեց պրն. Շարփը իր այցի ժամանակ, - «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի եւ ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր:
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության եւ կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ: