|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 5-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Մասիս Մայիլյանը գլխավոր քարտուղարին նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում նաև ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։
Մասիս Մայիլյանը կոչ է անում Եվրոպայի խորհրդին կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որևէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները: