| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է կանանց 45 օրյա նախնական զինվորական պատրաստության վարժանքների անցկացման մասին:
«Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը:
Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:
Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:
Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։
Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:
Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝ [email protected] հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը»,,- ասվում է հայտարարությունում: