կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 20:45
Քաղաքական

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:  

Պատասխան. Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև  հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:               

Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:              

Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:              

Հարց. Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում:   

Պատասխան. Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:      

2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարջապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին  միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:          

Հարց. Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պատսխան.  Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում:

Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները: 

Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար: 

Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հարց. Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները

Պատասխան. Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին:

Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Հարց. Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

Պատասխան. Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հուլիյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով.

Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով: 

Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով:

Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը: 

Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով:

Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:

Հարց. Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: 

Պատասխան. Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ:

Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին:

ՀարցԻնչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն: 

Հարց. Սա Ձեր առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները տարածաշրջանում։

Պատասխան. Տարիների շարունակ Հայաստանը տարածաշրջանի շատ երկրների հետ զարգացրել է փայլուն հարաբերություններ, որոնց հետ շղթայված է պատմամշակութային ամուր կապերով, ներառյալ՝ տարածաշրջանում հայ համայնքների ներկայությամբ։

Տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը շարունակում է մնալ մեր ժողովրդներին միավորող այն հարթակը, որը կարևոր է արժեքների փոխանակման և գիտելիքի գեներացման ու հարստացման տեսանկյունից։

Այս տարիների ընթացքում Հայաստանը տարածաշրջանում հաստատել է հումանիտար համագործակցության լավ ավանդույթ: Անվտանգ միջավայր կառուցելու մեր պատրաստակամության վառ արտահայտությունն է մեր կողմից տարածաշրջանում խաղաղապահ և մարդասիրական առաքելությունների իրականացումը:

Ի վերջո, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև անվտանգությունը փոխկապակցված է: Հետևաբար, այս ոլորտում մեզ անհրաժեշտ է կառուցել ավելի ամուր համագործակցություն, այդ թվում՝ անդրազգային սպառնալիքներին հակազդելու նպատակով: