կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 17:29
Իրավական

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը ձեւավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը ձեւավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը:

ՀՀ դատախազության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը եւ Գեւորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:    

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համանձայն՝ նույն օրենքի 4-33-րդ հոդվածները, որոնցով սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր հիմնական իրավական գործընթացներն ու գործառույթները, ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։

Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են  պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, եւ վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այսօր, սեպտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի եւ  նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների եւ կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու, դատախազության այլ ստորաբաժանումներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու և այլ հարակից հարցեր: