կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-23 13:54
Արցախ

Սամվել Շահրամանյանը ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչներին

Սամվել Շահրամանյանը ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչներին

ԱՀ ՌԵՍԶ նախարար Սամվել Շահրամանյանը օգոստոսի 22-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա քայլերն ու անելիքները, համատեղ գործունեություն ծավալելու հարցերը, Արցախում ՀՄԸՄ կենտրոն ունենալու խնդիրը: Արցախում ևս սկաուտական շարքեր ունենալու երազանք կար, և այն իրականացվեց, իսկ ներկայացուցիչներն այսօր այստեղ են՝ Արցախի ՀՄԸՄ-ի ստեղծման առիթով միջոցառումներին մասնակցելու:

ՀՄԸՄ-ի Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Կենտրոնական վարչության ատենապետ Սանդրա Վարդանյանի խոսքով. «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը և Արցախի ՀՄԸՄ մասնաճյուղը սերտ համագործակցության մեջ են: Խմբերի ձևավորման և աստիճանավորների դաստիարակությամբ զբաղվել են հիմնականում Հայաստանի կառույցի խմբապետերը և աստիճանավորները: Այս պահին ունենք ՀՄԸՄ Կենտրոնական վարչության կողմից հաստատված Արցախի մասնաճյուղի զարգացման ծրագիր, որը որոշակիորեն իրականացվելու է Հայաստանի Ազգային սկաուտական կազմակերպության խմբապետերի կողմից, ու վստահ ենք, որ հաջորդ տարի Ձեզ հետ հանդիպման ժամանակ զեկուցելու ենք Արցախում բավարար քանակով խմբապետեր և աստիճանավորներ ունենալու մասին, ովքեր կարող են և ի զորու են պահել մեր Արցախի սկաուտական գործունեությունը»:

Նախարարի խոսքով՝ ամեն բան արվելու է աջակցելու սկաուտական շարժմանը և գործունեության զարգացմանը Արցախում: Հ.Գ. ՀՄԸՄ-ն սկաուտական կազմակերպություն է, որը գործում է ամբողջ աշխարհում՝ ծավալելով իր գործունեությունը համահայկական ամենամեծ գաղափարների՝ հայապահպանության, ազգային, կրթության, դաստիարակության, հայրենասիրական գաղափարները մեր սերունդներին փոխանցելու ուղղությամբ: