Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունաստանի զինված ուժերը կիրակի օրը բերվել են բարձր մակարդակի պատրաստվածության Էգեյան ծովում թուրքական ռազմանավերի տեղակայումից հետո՝ կապված Հունաստանի Հռոդոս և Կաստելիորիզոյի կղզիների միջև ծովային գոտում թուրքական ռազմական վարժանքների հետ, որոնք նախատեսված են օգոստոսի 10-11-ը: Այս մասին հաղորդել է հունական մասնագիտացված Armyvoice.gr պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ դեպի ծով թուրքական նավերի ելքի պատճառով Հունաստանի զինված ուժերը տագնապ են հայտարարել, արձակուրդները չեղյալ են հայտարարվել, իսկ զինվորականները կանչվել են իրենց ստորաբաժանումները: Մոբիլիզացիան ընթանում է արագ, հատկապես սահմանամերձ վայրերում, ինչպիսիք են Էվրոսը (ցամաքային սահմանը) և կղզիները: Հաղորդվում է, որ ավիացիան, ինչպես նաև հունական նավատորմը, որոնք Էգեյան ծովում առանցքային դիրքերում են գտնվում, բարձր պատրաստվածության են բերվել:
Հունական պաշտոնական գերատեսչությունները, իրենց սովորույթի համաձայն, չեն հերքում, բայց չեն էլ հաստատում այդպիսի տեղեկությունները:
Միևնույն ժամանակ, ըստ պորտալի, ակնհայտ է, որ թուրքական կողմից կա մեծ մոբիլիզացիա. թուրքական նավատորմի տասնյակ նավեր տեղակայված են Հռոդոսի և Կաստելորիզոյի միջև ընկած հատվածներում՝ իրենց միջազգային և տարածքային ջրերում: Իր հերթին, հունական «Open TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ 17 թուրքական նավ այժմ գտնվում են Էգեյան ծովի ամենակարևոր դիրքերում:
Թուրքիան հայտարարել է, որ ռազմական վարժանքները կսկսվեն օգոստոսի 10-ին Հռոդոսի և Կաստելիորիզոյի միջև ծովային գոտում՝ ի պատասխան Հունաստանի և Եգիպտոսի միջև համաձայնության՝ բացառիկ տնտեսական գոտիների մասնակի սահմանազատման վերաբերյալ:
Ըստ Armyvoice.gr- ի՝ մտահոգիչ է այն, որ թուրքական հետազոտական Oruc Reis նավը և նրան ուղեկցող նավերը դադարեցրել են հայտնել իրենց գտնվելու վայրերը: Սա մեկնաբանվում է, որ նրանք ցանկանում են թաքցնել այս նավի հնարավոր ճանապարհը, չնայած նավատորմը ունի թուրքական նավերի տեղաշարժերը հետևելու միջոց:
Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդասը օգոստոսի 7-ին վերոնշյալ հեռուստաընկերությամբ հաստատեց, որ Հունաստանը կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները բոլոր միջոցներով, եթե Թուրքիան «Օրուչ Ռեյիս» հետազոտական նավը ուղարկի հունական բացառիկ տնտեսական գոտի: «Մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք բարձրաձայն հայտարարություններ չենք անում, և մենք չունենք այնպիսի հիստերիկ ռեակցիա, որը բնորոշ է տարածաշրջանի մյուս երկրներին: Մենք պարզապես ասում ենք, որ մենք՝ որպես ինքնիշխան երկիր, մեր Սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել ինքներս մեզ, և մենք դա անելու ենք ցանկացած եղանակով», - հայտարարել է Դենդիասը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօրվանից վերոնշյալ թուրքական նավը կսկսի իր աշխատանքը՝ չնայած Հունաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ի պատասխան հույն-եգիպտական պայմանագրի՝ Միջերկրականի արևելյան ջրերում բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ։