կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 10:06
Քաղաքական

«Արցախի ժողովրդից Լիբանանին». մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Բեյրութ

«Արցախի ժողովրդից Լիբանանին». մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Բեյրութ

Արցախից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Օգնությունն ուղարկվել է Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից: 2 ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում»,- գրել է Փաշինյանը և խաղաղություն մաղթել եղբայրական Լիբանանին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտնել է, որ «Արցախի ժողովրդից Լիբանանին» հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը ժամանել է Բեյրութ: Աջակցությունը պարենամթերքի տեսքով է, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: «Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ: Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հարությունյանը:

Հայաստանն օգոստոսի 8-ին իրականացրել է առաջին չվերթը դեպի Բեյրութ` որպես հումանիտար օգնություն ուղարկելով դեղորայք և առողջապահական պարագաներ։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր: