կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 20:41
Հասարակություն

Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ պարզաբանում

Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ պարզաբանում

Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացում ենք ստորև․

«Հուլիսի 31-ին կայացած ՀՀ  դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել են հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Նախ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը:

Ընդ որում, 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության ժամանակ, ինչպես տարածում են մամուլում, այլ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում:

Մասնավորապես՝ Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հետևյալ կազմով՝

Նախագահ՝     Լիզա Գրիգորյան,

Անդամներ՝     Կարեն Զարիկյան,

                        Արթուր Ավագյան,

                        Նարինե Հովակիմյան,

                        Անահիտ Թումանյան,

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝  194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝  194

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝  11

Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 145

Արման Կուրեխյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 38:

Նույն հաշվիչ հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝ 194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 204

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3

Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 83

Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21

Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:

Ամփոփելով քվեարկության արդյունքները` հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ թեև քվեաթերթիկների քանակը 10-ով ավելի է մասնակիցների ցուցակում գրանցվածների թվից, սակայն դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա, քանի որ առավելագույն ձայն ստացած թեկնածուի օգտին տրված քվեների տարբերությունը մյուս երկու թեկնածուների համեմատ 10-ից ավել է:

Արդյունքում ընտրված է համարվում Ստեփան Միքայելյանը:

Արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները:

Հարկ ենք համարում մատնանշել, որ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ և 50-րդ կետերը կարգավորում են հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործառույթների իրականացման հետ կապված հարցերը, իսկ նույն կարգի 59-ից 71-րդ կետերը կարգավորում են քվեարկության արդյունքների ամփոփման և վերահաշվարկի հետ կապված հարցերը, և Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 61-րդ կետով ամրագրված է, որ թեկնածուներն իրավունք ունեն արդյունքների վերահաշվարկ պահանջել:

Արձանագրում ենք, որ մինչ այս պահը որևէ թեկնածուի կողմից վերահաշվարկ իրականացնելու պահանջ ներկայացված չէ, և, փաստորեն, բոլորի կողմից հիմք է ընդունվել հաշվիչ հանձնաժողովի արձանագրած արդյունքը:

Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողով»: