կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 17:12
Հասարակություն

Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու մասին. հարուցվել է 13 քրեական գործ

Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու մասին. հարուցվել է 13 քրեական գործ

2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ: 

Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին: 

Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝        

  • Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան,  

  • Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային,

  • Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան,

  • Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին,

  • Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային, 

  • Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին:  

Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Քրեական գործերն ընդունվել են վարույթ: 

Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով: 

Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ: