Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Նորայր Քալանթարյանը հունիսի 28-ին շրջայց են կատարել Նոր Նորքի և Նուբարաշենի շախմատի դպրոցներում: Այժմ դասերն անցկացվում են առցանց, բայց դա չի խանգարում մտածել և քայլեր ձեռնարկել սաներին ավելի բարեկարգ պայմաններում նորից հյուրընկալելու համար:
Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սուրեն Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում մատնանշվել են մի շարք խնդիրներ: 220 աշակերտ ունեցող դպրոցին փոքր տարածք է բաժին ընկել, քիչ են դասասենյակները, և հետևաբար անհնար է նաև ավելի մեծ թվով երեխաների ընդունելությունը: Քննարկման ընթացքում նշվել է՝ դպրոցին կից շինության միացմամբ հնարավոր է տարածքն ընդլայնել, այդպիսով՝ հասանելի դառնալ Երևանի մեծությամբ 6-րդ վարչական շրջանի բոլոր այն երեխաների համար, ովքեր ցանկանում են իմաստուն խաղը սովորել հենց այս շախմատային դպրոցում: Ֆեդերացիայի նախագահի հետ քննարկման ընթացքում բարձրաձայնվել են նաև դպրոցի տարածքի բարեկարգման, խնամված կանաչ գոտի ունենալու հարցերը: Դպրոցում վստահ են՝ այդ պարագայում շախմատը բնության հետ կերկխոսի ավելի ներդաշնակ, քան քարե պատերից այն կողմ:
Հաջորդ այցը Նուբարաշենի շախմատի մարզադպրոց է եղել: Տնօրեն Լևոն Գալոյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել ընդամենը 115 մ² զբաղեցնող դպրոցում, որն այս պահին քանդվելու շեմին է: Խնդիրն այն է, որ մարզադպրոցը գործում է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցին կից, որն էլ այժմ ենթարկվում է հիմնանորոգման: Շախմատ սովորող 140 աշակերտներին նորից մեկ հարկի տակ հավաքելու համար կա՛մ պետք է վերանորոգել հարևանությամբ գտնվող շինությունն ու շախմատային շունչ հաղորդել, կա՛մ գտնել նոր տարածք և ֆինանսավորում:
Շրջայցերի ընթացում վեր հանված խնդիրների շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա հանդիպումների ընթացքում դրանք ավելի մանրամասն ու առարկայական քննարկելու և հնարավոր լուծումները նախանշելու համար: