կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 17:24
Հասարակություն

Անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղեր

Անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղեր

Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով.

«ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին տանկային բրիգադի ստորաբաժանումներից մեկի հետ մայիսի 8-ին անց են կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղեր, որոնք կրում էին նաև ցուցադրական-ուսուցողական բնույթ և նպատակ ունեին զորամասի գումարտակ-վաշտ օղակի հրամկազմին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ՝ նման զորավարժությունների նախապատրաստման և անցկացման համար:

Նախքան պայմանական մարտական դրվագների խաղարկումը՝ ծավալված ուսումնական տեղամասերում ուսուցանվող անձնակազմը ծանոթացել է վաշտային մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգին, մշակվող փաստաթղթերին, նոր տիպի տանկային թաքստոցների կառուցվածքին ու կահավորման առանձնահատկություններին, մարտի ժամանակ վիրավոր զինծառայողներին բժշկական առաջին օգնության ցուցաբերմանը, սպառազինության ու ռազմական տեխնիկայի նախապատրաստմանը մարտական գործողություններին և այլ ուսումնական հարցերի, որոնք առնչվում են նման բնույթի զորավարժություններին:

Պայմանական մարտի խաղարկման գործնական փուլում տանկային վաշտը՝ ուժեղացված մոտոհրաձգային, հրետանային և հակաօդային պաշտպանության միջոցներով, կատարել է տագնապով վերկաց, իրականացրել ռազմերթ և, ծավալվելով կրակային բնագծում, ջախջախել մխրճված հակառակորդին ու զբաղեցրել առավել նպաստավոր բնագծեր՝ արժանանալով բրիգադի հրամկազմի «լավ» ու «գերազանց» գնահատականներին:

Հավելենք, որ նման զորախաղերում առաջիկա շաբաթներին կներգրավվեն ՊԲ-ի բոլոր նման ստորաբաժանումները»: