Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում հուլիսի 21-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն՝ իրենց տեղակալներով, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների համագործակցության և փորձի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորախաղերի առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ ինչպես համաբանակային նշանակության մյուս բոլոր միջոցառումները, տվյալ զորախաղերը ևս անց են կացվում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի և հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները:
Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը, շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները, մեր ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի վերականգնել են կորցրած դիրքերը:
Զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է կայուն և անընդհատ ղեկավարում, արագ փոփոխվող իրավիճակին հրամկազմը արձագանքել է անմիջապես, իսկ ենթակա ստորաբաժանումները խնդիրները կատարել են պատրաստության բարձր մակարդակով՝ պայմանական մարտադաշտում ի ցույց դնելով գերազանց պատրաստականություն և կրակային խոցման բարձր արդյունքներ: