Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Վանեցյանի հետ քաղաքական ուժ ձևավորելու հետ կապված ընթացիկ հարցերը և որոշումները համապատասխան խողովակներով կլինեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Նա կուսակցության ձևավորման որևէ ժամկետ չնշեց՝ պատճառաբանելով, որ այս պահին չի ուզում ժամանակից առաջ ընկնել։
Խոսքը Բաբայանի հայտարարության մասին է, որով ազդարարում էր, որ մեծ հպարտությամբ ընդունել է պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը և մտնում է ակտիվ քաղաքականություն։
«Մեր թիմը շարունակում է ձևավորվել և թիմի կարողությունների մասին անհրաժեշտ տեղեկություն կլինի»,-նշեց նա՝ չցանկանալով մանրամասնել, թե հայտնի այլ անձինք միացե՞լ են իրենց թիմին, թե՞ ոչ։
Արթուր Վանեցյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նկատառումով Արսեն Բաբայանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում էր։ Ասաց, որ գնացել է իբրև ՀՀ մտահոգ անձ, իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչ, որովհետև չպետք է մոռանանք, որ գործ ունենք սպայի պատվի և արժանապատվության նսեմացման անբարոյական փորձ անելու հետ։
Նա դիմում է հանձնել Գլխավոր դատախազություն, նաև առցանց եղանակով, որում երեք պահանջ կա․ քրեական դատավարության ընթացակարգով քննության առնել Հրաչյա Հակոբյանի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրենը կապ ունի ինչ-որ այլ պետությունների հետ։
«Այդ ակնհայտ անհեթեթ սուտը։ Եթե պարզվի, որ չկա այդպիսի բան, իսկ դա հաստատ կպարզվի, ապա քննարկել Հրաչյա Հակոբյանին սուտ մատնության մեղադրանք առաջադրելու հարցը․ մասնավորապես, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործ հարուցելուց առաջ Հրաչյա Հակոբյանը նախազգուշացվի սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և հաղորդի այն տեղեկությունները, որ նա ունի։ Դրանից հետո գործողություններն արժանացնել համապատասխան գնահատականի»,-ասաց Արսեն Բաբայանը։
Նա նկատեց, որ՝ եթե Հրաչյա Հակոբյանի հայտարարություններում կա ճշմարտություն, ապա կնշանակի, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը հանցագործություններ պարտակելու փորձ ունի և որևէ նշանակություն չունի՝ դա այլ պետության հետ հարաբերություն փչացնելու հարց է, թե ոչ։
«Ամբողջ խնդիրն այն է, որ իրավական գնահատական տրվի Հրաչյա Հակոբյանի զրպարտչական գործողություններին»,-նշեց նա։
Արսեն Բաբայանը պահանջում է, որ արարքին երեք ուղղություններով գնահատական տրվի․ առաջինը՝ քաղաքական, երկրորդը՝ իրավական և երրորդը՝ բարոյական։
«Դատախազությունը այս ամենի իրավական գնահատականը պետք է տա։ Քաղաքական գնահատականը պետք է տան թե՛ գործող քաղաքական իշխանությունը և թե՛ ընդհանրապես քաղաքական բոլոր միավորները։ Իսկ բարոյական գնահատականը պետք է տա հանրությունը․ հանրությունը տեսնում է, որ իր պետության քաղաքական իշխանության ներկայացուցիչը կատարում է բարոյականության հետ կապ չունեցող՝ հակաբարոյական գործողություններ, պետք է ճանաչի այդ գործչին և համապատասխան գնահատական տա»,-ասաց Բաբայանը։
Նա համարում է, որ անձը, անկախ նրանից, թե ինչ դիրք է զբաղեցնում, եթե փորձ է անում ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրենի սպայի պատիվը, արժանապատվությունը որևէ կերպ ոտնահարել, ապա դա բարոյականության նորմերի կոպիտ խախտում է։
Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որով հարցեր ուղղելու ձևաչափով ակնարկում է, որ Արթուր Վանեցյանը, հնարավոր է հավաքագրված է եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, Միքայել Մինասյանից սեփականություններ է շորթել՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց, իսկ Նիկոլ Փաշինյանը այս փաստերը մերկացնելով՝ նրան ստիպել է հրաժարվել պաշտոնից։
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Ալեն Սիմոնյանի վերջին շրջանի ակտիվությանը, մասնավորապես, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի դեմքին հարվածելու միջադեպին, Արսեն Բաբայանը պատրաստակամություն հայտնեց պաշտպանելու նաև Ալեն Սիմոնյանին, եթե իրավապահները նրա հանդեպ հակաիրավական գործողություններ կատարեն։
«Ես իրավապաշտպան գործունեության առումով չեմ ուզում այլ գնահատականներ տալ, այլ ասպեկտներով նայել հարցին․ իմ մասնակցությունը իրավապաշտպան բնույթ ունի և իմ խնդիրն եմ համարում հետևել, որ ՀՀ որևէ քաղաքացի չենթարկվի այնպիսի պատասխանատվության կամ այնպիսի արարքի համար, որի համար չի նախատեսվում պատասխանատվություն, դա կլինի Ալեն Սիմոնյանը, Արթուր Դանիելյանը թե ցանկացած այլ քաղաքացի։ Ինչպես նաև բարձրաձայնել, եթե իրավապահ մարմիններն այնպիսի գործողություններ անեն, որոնք չեն բխի իրավական նպատակներից, խորհուրդներով, հորդոներով փորձել ճիշտ ուղու վրա դնել իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Բաբայանը։
Ճշտող հարցին՝ իր կարծիքով Ալեն Սիմոնյանը պե՞տք է ենթարկվի պատասխանատվության, Արսեն Բաբայանը դիվանագիտական զգուշավորությամբ պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ցանկացած անձ իր կատարած արարքների համար պետք է ենթարկվի անհրաժեշտ պատասխանատվության»։
Արարքի քաղաքական գնահատականն այն է, որ Սիմոնյան-Դանիելյան ծեծկռտուքը երկրի քաղաքական իշխանության կողմից երկու տարուց ավելի տարածվող անհանդուրժողականության, ատելության քարոզի տարածման հետևանք է։
«Հիմա էլ սոցիալական ցանցերում իշխանության կողմից ուղղորդված կեղծ օգտատերերի կողմից տարբեր քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ամենաստոր, ամենավատ հայհոյանքներն են ուղղում»,-ասաց նա։
Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով առաջիկա դատաքննությունը նշանակված է մայիսի 14-ին, ժամը 16։30-ին՝ ասաց նա։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արսեն Բաբայանին՝ իբրև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Աննա Բալյան