Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ նախագահի 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2020 թվականի հունվարից մինչեւ ԱՀ Նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդմամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացված աշխատանքներն` ըստ առանձին ուղղությունների, եւ նշել, որ 2019 թվականին հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ եւ ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարեւորագույն ցուցանիշներից է 10,3 տոկոս տնտեսական աճը:
Զեկույցի եզրափակիչ մասում Նախագահ Սահակյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի Հանրապետության զարգացման մի շարք հիմնական ցուցանիշների:
«Իսկ հիմա անցնեմ 13 տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքները բնորոշող որոշ թվերի եւ ցուցանիշների, ինչի մասին ավելորդ չեմ համարում խոսել այս ամբիոնից:
Իրականացվել է բավականին մեծ աշխատանք, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր: Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով եւ պատվով հաղթահարել է դրանք:
Ինչպես գիտեք, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է: 2007 թվականին այն կազմել է մոտ 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019-ին գերազանցել է 342 միլիարդ դրամը:
Եթե 2007 թվականին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4 հազար 803 դոլար:
2007 թվականի պետբյուջեի ծավալը կազմում էր 30,8 միլիարդ դրամ: 2020-ին, ինչպես գիտեք, այն կազմեց մոտ 121 միլիարդ դրամ:
Այսպիսինն են 2007 եւ 2019 թվականներին որոշ ոլորտներում արձանագրված ցուցանիշները՝
-արդյունաբերական արտադրանքի ծավալը 22 միլիարդից հասել է 164,5 միլիարդ դրամի,
-գյուղատնտեսության համախառն արտադրանքը 23,8 միլիարդից հասել է գրեթե 70,6 միլիարդ դրամի,
-շինարարության ծավալը 20,8 միլիարդից հասել է 64,6 միլիարդ դրամի,
-արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 277,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է ավելի քան 656 միլիոն դոլարին համարժեք դրամի:
Եթե 2007 թվականին մեր երկրում արտադրվում էր 90,4 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա 2019 թվականին Արցախի Հանրապետությունից գրեթե այդ չափով էլեկտրաէներգիա միայն արտահանվել է՝ 85,7 միլիոն կիլովատտ/ժամ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 միլիոն կիլովատտ/ժամ:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի իրականացման արդյունքում այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 հազար մարդով:
Մեր երկրում կառուցվել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել եւ վերանորոգվել բազմաթիվ այլ ճանապարհներ:
Մայրաքաղաք Ստեփանակերտը եւ հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը եւ Շուշին, տարբեր գյուղեր ու քաղաքներ:
Նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել արտաքին քաղաքական ոլորտում, մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այսպես՝ 2012 թվականին մեկնարկեց եւ այսօր ընթացքի մեջ է տարբեր երկրների վարչական միավորների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը, ակտիվորեն ընթանում է երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Շոշափելի արդյունքներ են գրանցել մեր մարզիկները, ովքեր վերջին ժամանակահատվածում գրեթե ամեն տարի տարբեր միջազգային մրցույթներում դարձել են հաղթող կամ մրցանակակիր: Լուրջ արդյունքներ ունենք նաեւ մշակույթի ոլորտում:
Այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը: Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը:
Խոսելով այս ամենի մասին՝ կուզենայի նշել, որ ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռեւս անելիքները շատ են:
Աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ, ոչ պակաս կարեւոր են ու պատասխանատու, եւ դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում: Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները», - ընդգծել է Նախագահը:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ` կբազմապատկեն դրանք եւ արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, մեր քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը, եւ բոլորին մաղթել խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի: