կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 16:00
Իրավական

Գեղարքունիքի մարզպետը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի մասին

Գեղարքունիքի մարզպետը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի մասին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառում տեղի ունեցած միջադեպի մասին «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։ Մասնավորապես նա նշել է, որ ապրիլի 28-ին,  ժամը ՝ 17։30-ից 17։40-ի սահմաններում Գավառի Ազատության փողոցում տեղի է ունեցել  հրաձգություն, որի հետևանքով կա 2 մահացած և վիրավորներ։

«Դեպքից հետո վիրավորները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց։ Ոստիկանապետի հետ ես ինքս ներկա եմ եղել դեպքի վայրում, այն նույն ժամանակ, երբ հիվանդանոցում տեղի է ունեցել միջադեպը։ Այստեղ հավաքվել էին մեծաթիվ հարազատներ, ընկերներ, որոնք հետագայում, ուժ գործադրելով ոստիկանության և բուժանձնակազմի նկատմամբ, ջարդելով դռներն ու պատուհանները, ներս են մուտք գործել և վնասել են ևս 2 վիրավորների, որոնք այդ հրաձգության մասնակիցներն էին»,- պատմել է Սանոսյանը նշելով, որ հիվանդանոցում տեղի ունեցած այդ դեպքից հետո ոստիկանությունը մեծ թվով մարդկանց է ձերբակալել։

Խոսելով պատճառների մասին, մարզպետը նշել է, որ որոշակի ժամանակ առաջ վեճ է տեղի ունեցել երիտասարդների միջև, որն այնուհետ շարունակել են տարեցները։  

«Անհասկանալի է՝ ոնց կարելի է երիտասարդների միջև տեղի ունեցած վեճը վերածվի նման միջադեպի»։

Մարզպետի խոսքով՝ հիվանդանոցում վիրավորվածները եղել են երկու կողմից, բոլորին օգնություն է ցուցաբերվել և նրանք տեղափոխվել են Երևան։ Վիճակը մարզում այս պահին կայուն է, ոստիկանությունը մեծ ուժերով շարունակում է աշխատանքը։

Հիշեցնենք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երեկ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: