կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-07 14:45
Քաղաքական

Իսկ Նիկոլը պատրա՞ստ է ներողություն խնդրի. Արմեն Աշոտյան

Իսկ Նիկոլը պատրա՞ստ է ներողություն խնդրի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ լուսացավ նոր օրը՝ հերթական գիշերային ֆեյսբուքյան պատերազմներից հետո, կրկին շանս է առաջանում հետհայաց գնահատել հանրային առողջության մակարդակը:

Ամեն անգամ մեծ է գայթակղությունը մի քանի ավել թթու բառ ասել դիմացինին, մանավանդ երբ ինչպես ցանկացած կռվում, շատ արագ մոռացվում է կռվի բուն պատճառը և սկսում են իշխել էմոցիան և ադրենալինը:

Ավաղ, նման վարքային մատրիցան երբեմն աշխատում է նաև իմ դեպքում:

Ցավոք, հանրությունը 2018 թվականի դեպքերից հետո ոչ միայն չի ապաքինվում, այլև խորանում է իր բարոյահոգեբանական անկման մեջ:

Կարող ենք ասել, որ մեղավոր ենք բոլորս՝ ամեն մի ծայրահեղ դրսևորում, անկախ պատճառներից ցեմենտում է ներհանրային բաժանարար գծերը, խորացնում բեևեռացման խրամատները, և ամեն հաջորդ օր մենք, որպես ժողովուրդ, արթնանում ենք իրարից էլ ավելի հեռու, էլ ավելի նեղված, էլ ավելի զզված:

Սակայն մեր բոլորի ջանքերը հաղթահարելու այս մթնոլորտը զրոյացվում են, երբ երկրիդ քաղաքական նորաձևությունը թելադրող իշխանությունները իրենք են շահագրգիռ նման միջավայրի պահպանման մեջ, անհանդուրժողականության խրախճանքի մեջ, հասարակական պառակտման և բևեռացման մեջ, ֆեյքային և իրական ատելություն գեներացնելու և օգտագործելու մեջ:

Չէ, ես սուրբ չեմ, բայց պատրաստ եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վիրավորել ու պիտակավորել եմ այս ընթացքում: Պատրաստ եմ ու խնդրում եմ:

Իսկ Նիկոլը պատրա՞ստ է: Իսկ նա կխնդրի՞: Որպես վարչապետ և որպես այս պահին դեռևս երկրի ամենազդեցիկ մարդ կվերցնի՞ ուսերին իր և իր թիմակիցների հազարավոր վիրավորանքների համար պատասխանատվությունը:

Պատասխանը գիտեք ինքներդ, ուստի a la guerre comme a la guerre վիճակը, ավաղ, շարունակելու է դոմինանտ վարքային կանոններ թելադրել բոլորիս, անկախ նրանից ուզում ենք մենք դա, թե ոչ:

Մնում է ինքնապաշտպանության բնազդի մեջ էլ մարդ մնալ և պահել ոչ միայն հարվածը, այլև սեփական կլասը»։