կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 17:23
Հասարակություն

Երևանի Պուշկինի դպրոցում Ա H1N1 գրիպով հիվանդացության դեպքեր են գրանցվել

Երևանի Պուշկինի դպրոցում Ա H1N1 գրիպով հիվանդացության դեպքեր են գրանցվել

Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են: 

«Դպրոցում երկու հերթափոխ ունենք. առաջին հերթափոխով սովորում է 1500 աշակերտ, նրանցից 452-ը բացակա են, իսկ 2-րդ հերթափոխով մոտ 300 աշակերտից բացակա է 100-ը: Դեռևս չգիտենք, թե բացականերից քանիսն են հիվանդացել այդ գրիպով, քանի որ ոչ բոլորին են ծնողները հիվանդանոց տանում կամ դպրոց տեղեկանք բերում»,- նշեց Ստեփանյանը և հավելեց, որ նախորդ շաբաթ մի քանի դեպք է գրանցվել, իսկ այս շաբաթ արդեն 7 դեպք:

Հաստատության բուժական մասի պատասխանատուները պարբերական ստուգումներ են անցկացնում երեխաների շրջանում, և երբ կասկածներ են եղել, խնդրել են ծնողներին հետազոտության տանել նրանց:

ՀՀ ԱՆ-ը փետրվարի 6-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում։ 

Սեզոնի ընթացքում իրականացվել է նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%),ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%)։