կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 19:58
Քաղաքական

Իսպանական Օնտինյենտ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Օնտինյենտ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա նահանգում գտնվող Օնտինյենտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարի 30-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Diario Armenia պարբերականը՝ հղում անելով Վալենսիայում գործող «Արարատ հայկական միությանը»:

Նշվում է, որ Օնտինյենտի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված աննախադեպ հանցագործությունը և Թուրքիայի ներկա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը: 

Քաղաքային խորհրդի 3 կուսակցություններից երկուսը (Լա Վալ էնս ունեյս և Կոմպրոմիս, ընդհանուր թվով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցությունը (2 ձայն) ձեռնպահ քվեարկեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագրին: Օնտինյենտի իշխանությունը կոչ արեց Թուրքիայի և, մասնավորապես, Իսպանիայի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ «այսօր պատմական օր է ոչ միայն հայ ժողովրդի և իսպանահայության, այլև Օնտինյենտ քաղաքի համար, որը լրացրեց 3 տասնյակից ավել քաղաքների շարքը, որոնք ճանաչել են XX դարի առաջին ցեղասպանությունը»:

Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել նաև հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանը:

Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի ինքնավար համայնքներից հինգը՝ Արագոնը, Բալեարյան կղզիները, Կատալոնիան, Նավառան և Բասկյան երկիրը: