կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 17:23
Տարածաշրջան

Թուրքիայում «Վիքիպեդիայի» հասանելիության արգելքն առաջիկայում կարող է չեղարկվել

Թուրքիայում «Վիքիպեդիայի» հասանելիության արգելքն առաջիկայում կարող է չեղարկվել

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտարարել է, որ առաջիկայում երկրում կրկին կարող է հասանելի լինել ամենածավալուն համացանցային հանրագիտարանի՝ «Վիքիպեդիայի» կայքը։ Նրա խոսքով՝ կայքի դեմ կիրառվող արգելքը կհանվի այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը հրապարակի իր պատճառաբանված որոշումը։

Նշենք, որ Թուրքիայի Սահմանադարական դատարանը «Վիքիպեդիայի» արգելափակման դեմ ներկայացված բողոքի գործով վճիռ է կայացրել 2019թ․ դեկտեմբերի 26-ին, որով առցանց հանրագիտարանի արգելափակումը որակել է որպես իրավունքի ոտնահարում։ Սահմանադրական դատարանը նաև պահանջել է «Վիքիպեդիայի» արգելափակման որոշում կայացրած ստորին ատյանից՝ չեղարկել այդ վճիռը։ Բայց հանրագիտարանը մինչ օրս շարունակում է անհասանելի մնալ Թուրքիայում։

«Դատարանը դեռ չի հրապարակել իր պատճառաբանությունը։ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, բայց նա նաև պետք է հանրության համար հրապարակի իր հիմնավորումները։ Երբ այն հրապարակվի, կիմանանք՝ արդյոք Թուրքիային ուղղված անհիմն քննադատություններն ու մեղադրանքները քննության առնվե՞լ են։ Այս առումով երբեք չենք հանդուրժի, որ Թուրքիան նույնականացվի ահաբեկչության ու բռնության հետ», - հայտարարել է թուրք նախարարը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ermenihaber.am կայքը։

Հիշեցնենք, որ «Վիքիպեդիան» (բոլոր լեզուներով) Թուրքիայում արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Այդ արգելքը պաշտոնապես հիմնավորվել էր այն հանգամանքով, որ առցանց հանրագիտարանում կան որոշ հոդվածներ, որտեղ Թուրքիան հավասարեցվում է ահաբեկչական խմբավորումների հետ։ «Վիքիպեդիայի» սեփականատեր «Վիքիմեդիա» հիմնադրամը հայտարարել էր, որ կայքի հասանելիության արգելափակումը բողոքարկելու նպատակով դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։