կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 13:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում զոհվածի հարազատների և ոստիկանների միջև. պահանջում են բացահայտել զինվորի մահվան հանգամանքները

Կառավարության շենքի դիմաց հավաքվել են զոհված զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ հայտնում է Yerkir.am-ը: Աջամյանը մահացել էր դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում:  1998 թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը մահացել էր, իսկ զինծառայող, 1999 թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել:

«Այսօր մենք մեր հույսը դնում ենք պրն. Փաշինյանի վրա, ամենավերջում հույսն ա մեռնում, եթե հույսը մեռավ, մենք ամեն ինչի պատրաստ ենք», - նշեց զոհվածի հարազատներից մեկը:

Աջամյանի մայրը, որդու սպանության հանգամանքները պարզելու համար, պահանջեց վարչապետի հետ հանդիպում, ինչից հետո բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Այնուհետև ցուցարարները որոշեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

«Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ «մենք կիսում ենք ձեր վիշտը, տղու խոսք եմ տալիս, որ կզբաղվեմ այդ հարցով», իսկ հիմա զանգում ենք, չի բարեհաճում նույնիսկ զանգերին պատասխանի: Պաշտոնդ մի կողմ, բա ու՞ր մնաց տղությունդ», - հայտարարեց զոհվածի հարազատներից մեկը:

Զինվորի մայրը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դիրքեր գնալուց առաջ է խոսել որդու հետ. «Միշտ ասել է «իմ հետ ամեն ինչ լավ է, աֆիցերները լավ են իմ հետ»: Ինչո՞ւ սպանեցին երեխայիս: Անդրանիկ Քոչարյանը փափուկ բարձ դրեց գլխիս տակ, իսկ հիմա չի պատասխանում զանգերիս»: