Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Քննչական կոմիտեում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ լրագրողը, ով տարիներ շարունակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ, իսկ վերջին շրջանում որպես լրագրող թղթակցել է լրատվական կայքերից մեկին, Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում է կատարել՝ վերջինիս վերաբերյալ, իբր, արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց:
Այսպես՝ 2019թ. հունիսի 18-ին լրագրողն իր նախաձեռնությամբ այցելել է ՀՀ ոստիկանությունում աշխատող պաշտոնատար անձին, ներկայացել որպես լրագրող և հայտնել, թե, իբր, իրեն հայտնի են վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ պետության հանդեպ շուրջ 41.000.000 ՀՀ դրամ գումարի չափով չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ՝ սպառնալով, որ դրանք կարող են հրապարակվել մի քանի լրատվական կայքերում, ինչի արդյունքում նա կվարկաբեկվի և կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Քննության տվյալներով՝ լրագրողը պաշտոնատար անձին արատավորող, նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները չհրապարակելու համար ներկայացրել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ պարագայում հիշյալ տեղեկությունները տարածել լրատվական կայքերում և հեղինակազրկել նրան:
Գումարն ստանալու նպատակով լրագրողը Ոստիկանության պաշտոնյայի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և որպես ակնկալվող գումարի վերջնական չափ նշել և առձեռն ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, ինչից հետո բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Լրագրողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ թույլատրելի է համարվել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: