կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 12:03
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարկավոր է բացահայտել բոլոր մետաստազները. Նիկոլ Փաշինյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին

Իրավապահ մարմինները երեկ շոկային լուր ստացան և տարածեցին, ըստ Yerkir.am-ի՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի մեկնարկին՝ Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմի մասին:

«Մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ Հայաստանում կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կասկածները մեղադրանք առաջադրելու որոշում դառնալո՞ւ են՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց վարչապետ Փաշինյանը:

«Երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր ևս մեկ անձ, որին այս պահին մեղադրանք է առաջադրված, երեկ ձերբակալվել են 4 անձինք: Ապացույցների համակցությունը այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու քրեական օրենսգրքի 167-րդ հոդված 2-րդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու հատկանիշներով»,-տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ: Առգրավվել են ձերբակալված անձանց  պաշտոնավարման օրվանից բոլոր փաստաթղթերը: Առկա են մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են անձանց հանցանքը, ասաց Հայկ Գրիգորյանը։ Նաև հավելեց, որ մոտ օրերս այդ անձանց մեղադրանք կառաջադրվի ու կընտրվի խափանման միջոց:

«Էմոցիոնալ արձագանքը հասարակության շրջանում մեծ է, սակայն գործը պետք է լինի առանց էմոցիաների: Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահել ու պատահում, որ ՀՀ-ում նման մեխանիզմ է գործում: Հարկավոր է ամբողջական քննել գործը, լիարժեք բացահայտել բոլոր մետաստազները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով  ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Ավելի ուշ ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի:

Մինչ բացահայտումը Yerkir.am-ը հրապարակել էր նորածիններին նշված ծննդատանը անհայտ պայմաններում կորցրած մայրերի բողոքի մանրամասները։ 

Նախաքննությունը շարունակվում է: