կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 14:44
Հասարակություն

Կոմկուսը խստորեն դատապարտում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը. հայտարարություն

Կոմկուսը խստորեն դատապարտում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը. հայտարարություն

Հայաստանում կրկին թեւածում է ՀՀՇ-ի ուրվականը, որն իր ապազգային գործունեությամբ անդառնալի վնաս հասցրեց մեր երկրին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն՝ անդրադառնալով Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստին:

Ըստ Yerkir.am-ի՝ հայտարարությունում նաեւ ասվում է. «Անցնելով բարոյականության բոլոր սահմանները, նրանք փորձեցին ժողովրդի միջից ջնջել իրենց պատմական հիշողությունը` պատերազմ հայտարարելով անգամ խորհրդային շրջանի արձաններին։

Երեւանում տեղի ունեցած վանդալիզմի դեպքը դրա ուղիղ շարունակությունն էր, սակայն արձագանքները եկան ապացուցելու, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Իսկ հայրենասիրության կեղծ շղարշը հագած եւ իրեն ազգային վրիժառու հռչակած երիտասարդը հասկացավ եւ երեւի իր տերերին էլ բացատրեց, որ իրենց բոլոր ջանքերը երկու եղբայրական ժողովուրդների միջեւ սեպ խրելու ուղղությամբ, դատապարտված են ձախողման։

Կոմկուսը խստորեն դատապարտում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը եւ պահանջում, որ սադրիչը պատժվի օրենքի ողջ խստությամբ, նման դեպքերը հետագայում բացառելու համար, իսկ մեր ժողովրդին կրկին սթափության եւ ողջախոհության կոչ ենք անում»:

Հիշեցնենք, որ օրերս «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը կարմիր ներկ է լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա և ֆեյսբուքում հրապարակել լուսանկարը: