Արցախի մեր գործընկերները մարդու իրավունքների պաշտպանության իրավակարգի ամրապնդման գործում իրականացնում են լուրջ աշխատանքներ` ըստ Yerkir.am-ի ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ ԱՀ նախագահն իր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցում է համակարգի բարեփոխումների իրականացմանը:
Խոսելով այցի մասին՝ Ա. Դավթյանն ասել է, որ իր հիմնական նպատակն ԱՀ դատախազության համակարգի աշխատակիցների
մասնագիտական տոնը շնորհավորելն է:
«Մեր համագործակցությունը և շփումներն ամենօրյա բնույթ են կրում: ԱՀ դատախազության հետ մեր հարաբերությունները պայմանականություններ և վերապահումներ չեն ճանաչում: Տարիներ շարունակ մեր ռեսուրսների համատեղմամբ լուծումներ ենք գտել բազմաթիվ բարդ հարցերի համար: Ձևավորել ենք հարաբերությունների այնպիսի կայուն ավանդույթներ, որոնց շնորհիվ մեզ հաջողվել է հայկական երկու հանրապետություններում ապահովել ցանկացած ժողովրդավարական երկրին բնորոշ հասարակությունների բնականոն կենսագործունեության և զարգացման համար անհրաժեշտ օրինականության և մարդու իրավունքների պաշտպանվածության առավել քան բավարար պայմաններ:
Վերջերս մենք սկսել ենք իրականացնել կոլեգիայի համատեղ նիստեր, որտեղ քննարկում ենք մի շարք խնդիրներ և գտնում դրանց լուծումները»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Մասնագիտական օրվա առթիվ Ա. Դավթյանն ԱՀ դատախազության համակարգի աշխատակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք խաղաղ երկնքի տակ: