Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ:
Դեսպան Լին Թրեյսիին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելլը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը:
ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև շնորհավորելով նրան Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական իրողությունները: Նա մասնավորապես հնչեցրեց ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնեց երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ:
Հանդիպմանը մասնակից՝ ՀՅԴ ԳՄ մյուս անդամները շեշտադրեցին հանրապետությունում իրական, բովանդակային և համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց անհանգստությունն արտահայտեցին երկրում սահմանադրական և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ:
Դեսպան Թրեյսին իր խոսքում մասնավորապես նշեց. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»:
Հանդիպման վերջում կողմերը շփումները պարբերական դարձնելու և մոտեցումները միմյանց փոխանակելու համոզում հայտնեցին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Նոյեմբեր 25, 2019