կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 21:27
Քաղաքական

Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից. Արծվիկ Մինասյան. Tert.am

ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկությունը պահանջում են նախևառաջ երիտասարդները, նրանց են միացել մի շարք մտավորականներ. սա վերկուսակցական, ազգային պայքար է և չի կարող քաղաքական չլինել, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը. «Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի հեռացումը համակարգից, իսկ Արայիկ Հարությունյանն այդպիսին է: Սա մեկանգամյա գործողություն չէ, այլ հետևողական մոտեցում: Նա ազգայինի և եկեղեցու հանդեպ արհամարհական մոտեցում ունի»:

Ըստ Մինասյանի՝ կարևորագույն պաշտոնատար անձանցից մեկի հրաժարականի պահանջն ազդակ է, որ այդկերպ մտածող որևէ այլ անձ չփորձի նույն քաղաքականությունը վարել. «Հասկանալու համար՝ կգնա՞նք Արայիկ Հարությունյանի հետ որևէ քննարկման, իրենք պիտի ասեն՝ պատրա՞ստ են հրաժարվելու իրենց այս նախագծերից: Փոխնախարարն ասում է՝ պատրաստ չենք հրաժարվելու, բայց պատրաստ ենք քննարկման: Էլ ի՞նչն ենք քննարկելու»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ իշխանությունն ազգայինն արհեստականորեն հակադրում է առաջադիմականին՝ միաժամանակ սահմանափակելով ժողովրդավարությունը. «Կառավարությունն ինքնավարություն չի տալիս բուհերին: Ավելին, նախագծով՝ ռեկտորը նշանակելու է դեկաններին: Ժողովրդավարություն քարոզող ուժը վերացնում է ընտրությունները»:

 

Մինասյանի կարծիքով՝ եթե հայեցակարգ չկա, նախարարի հետ քննարկելու բան էլ չկա, ի՞նչ պիտի խոսի պրոֆեսորադասախոսական կազմը նրա հետ. «Իշխանությունը փորձում է իրավիճակային լուծումների գնալ, որ հասնեն վերջնանպատակին՝ ազգային հիմքից կտրելուն»:

Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ ՀՅԴ երիտասարդները դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով բոլոր այն քրեական գործերը, որոնց մասին խոսել էր Արայիկ Հարությունյանը: «Եթե սա քաղաքական շանտաժ չէ Լևոն Մկրտչյանի հասցեին, Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության կա՛մ սուտ մատնության, կա՛մ հանցագործությունը պարտակելու համար: Կարող են ցանկացած մեկի մասին նման բան ասել՝ ենթադրելով, որ եթե նա եղել է պաշտոնատար անձ, ուրեմն կոռումպացված է»,- ասել է Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ մեկ տարի առաջ ավելի քան 70 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ընտրողներն այսօր հոգեբանորեն ընկճված վիճակում են: «Իշխանության նպատակն ի սկզբանե ոչնչացնելն է, դիմացինին չլսելը: Նրանք ունակ չեն լսելու, քննարկում իրականացնելու: Իշխանությունն ընդհանրապես չի հանդուրժում որևէ այլակարծություն, չի ընդունում, որ կարող են լինել իրենցից խելոք մարդիկ»,- ամփոփել է Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: