կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 21:40
Հասարակություն

Հերթական անգամ քննարկվել են մեքենաների ներկրման ընթացակարգերը

Հերթական անգամ քննարկվել են մեքենաների ներկրման  ընթացակարգերը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային  և  եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ հերթական անգամ քննարկվել են հունվարի 1-ից հետո մեքենաների ներկրման  ընթացակարգերը:  Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովականներ, ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության, ինչպես նաև ավտոներկրող իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ  ու  անհատներ:

Ինչպես արդեն հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար մեքենաների ներկրման մաքսազերծման  արտոնյալ ժամկետը լրանում է: Քննարկվել և քննարկվում են բոլոր ուղիները  խնդրին  հնարավորինս դրական հանգուցալուծում տալու համար: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կառավարության գործընկերներին կոչ է արել ևս մեկ տարով մեղմել ԵԱՏՄ-ի  կանոնակարգումները երրորդ երկրից մեքենա ներմուծելու վերաբերյալ: Պատգամավորն  առաջարկել է  մեքենա ներկրող իրավաբանական անձին սահմանին ազատել ԱԱՀ-ից` փոխարենն   արտոնելով այդ վճարը պետբյուջե մուտքագրել մեքենան վաճառելուց հետո:  Առաջարկվել է պահպանել էկոլոգիական ու անվտանգության նորմերը հունվարի 1-ից  ներկրվող մեքենաների հնության թույլատրելի տարեթիվ սահմանել մինչև 7 տարի:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը դեմ է  ավտոներկրող իրավաբանական անձին`  սահմանին ԱԱՀ-ից ազատելու գաղափարին:  Ըստ  նրա` առաջարկը ռիսկեր է պարունակում, և այդ տարբերակով պետությունը կունենա եկամուտների կորուստ:

Քննարկման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հնչեցրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ` փաստելով, որ այդ կերպ կավելանա գործազրկության մակարդակը: Ստեղծված իրավիճակը մեղմելու համար  պատգամավոր Միքայել Մելքումյանը  գործադրին հորդորել է  երկրում զարկ տալ ավտոարդյունաբերությանը: