կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 12:31
Հասարակություն

«Պատիվ ունեմ» ծրագրի գրավչությունն ապահովելու նպատակով փոփոխություններ են կատարվելու

«Պատիվ ունեմ» ծրագրի գրավչությունն ապահովելու նպատակով փոփոխություններ են կատարվելու

Կառավարության այսօրվա նիստում քննարկման է դրվել  Հայաստանի Հանրապետության կառավարության` 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, այն ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշմամբ` տարկետման իրավունք սահմանված չէ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների համար, որի շրջանակներում և 2019թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացը պատշաճ ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշումը լրացնել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների համար տարկետման իրավունքով: Միաժամանակ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում Պաշտպանության նախարարության պատվերով, ներառյալ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ուսումնառություն անցած անձանց հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի կնքման ժամկետների փոփոխության հիման վրա և «Պատիվ ունեմ» ծրագրի գրավչությունն ապահովելու նկատառումներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու 3-ամյա պայմանագրի ժամկետը նվազեցնել և սահմանել 27 ամսյա ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու համար: 

Բացի այդ, 2018/2019 ուսումնական տարում «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության գործընթացի իրականացման արդյունքները ցույց տվեցին, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել հետագա ուսումնառության կազմակերպման վրա: Արդյունքում, արդեն իսկ երկու տասնյակից ավելի ուսանողների հետ կնքված պայմանագրերը լուծվել են՝ ցածր առաջադիմության պատճառով ուսումնական հաստատությունից հեռացվելու հիմքով:

Վերը նշվածը լուրջ խոչընդոտ է ներկայացնում  «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հետագայում ՀՀ զինված ուժերը բավարար գիտելիք ունեցող սպաներով համալրելու գործընթացում: Առաջացած խնդրի լուծման նպատակով առաջարկվում է թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը՝ ըստ համապատասխանաբար ուսումնառության ընթացքում կամ բուհ ընդունվելու շրջանակներում ցույց տված արդյունքների: Նույն խնդրի շրջանակներում որոշումը դրույթներ չի սահմանում «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստանալու հնարավորությունը բացառելու մասին, որի նախատեսումը պարտադիր է՝ գործընթացի լրջությունն ապահովելու նպատակով:

Որոշման նախագծի համաձայն տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են, միաժամանակ, քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը, այն է՝ սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը: Միաժամանակ, ընտրության գործընթացը հստակեցնելու նպատակով նախատեսվում է, որ անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև սահմանվում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում չի տրվում: Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից՝ որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար օրենքով սահմանված տարկետման իրավունքի իրացումը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, դրա արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները, որի արդյունքում ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով: