|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:
ԱԳՆ տեղեկատվական վարչությունից տեղեկացնում են՝ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:
Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը:
Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին: