կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 09:22
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Մելիքյանը եւ Մալխաս Ամոյանը եզրափակիչում են

Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Մելիքյանը եւ Մալխաս Ամոյանը եզրափակիչում են

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Հայկ Մելիքյանը (67 կգ) եւ Մալխաս Ամոյանը (72 կգ) հունիսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար:

Հայկ Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) եւ ռուս (10:1) ըմբիշների, նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Ոսկե մեդալը հայ ըմբիշը կվիճարկի վրացի Գեորգի Շոթաձեի հետ:

Մալխաս Ամոյանը մեկնարկել է որակավորման փուլից եւ տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ է գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) եւ ռուս մրցակիցներից (5:4) եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի մոլդովացի Միհայ Պետիչի հետ:

Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ հաղթել իսպանացի (11:0) ու հունգարացի (8:0) ըմբիշների, իսկ կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչին: Հունիսի 5-ին Հովհաննիսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Կարեն Խաչատրյանը (82 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել 1/8 եզրափակիչում: Խաչատրյանին հաղթած հունգարացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն է ստացել հունիսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար: