կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 16:01
Հասարակություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Արարատ Միրզոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ ընդգծելով, որ Երեւանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. նրա խոսքով՝ գոհացուցիչ է նաեւ երկկողմ օրակարգի դինամիկան:

«Մեզ համար չափազանց կարեւոր են թավշյա հեղափոխության վերաբերյալ ԵԽ-ի դրական գնահատականները: Ուրախալի է լսել հայտարարություններ այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է բարեփոխումների այս ճանապարհն անցնել հայ ժողովրդի հետ»,-նշել է ԱԺ նախագահը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը գործողությունների ծրագրի ամբողջական իրականացման ուղղությամբ:

Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին: Հյուրն անդրադարձել է Քրեական եւ Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների օրենսգրքերում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությանը եւ այդ բարեփոխումների գործընթացում ընդգծել խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստանի կողմից Ստամբուլի եւ Լանցառոտի կոնվենցիաների վավերացումը: Բացի այդ, Նատալյա Վուտովան Ազգային ժողովի նախագահին է փոխանցել ԵԽ հանձնառությունը` փորձագիտական աջակցություն ցուցաբերել անցումային արդարադատության իրականացմանն ուղղված քայլերին:

Կողմերը համաձայնել են նաեւ, որ տարբեր ոլորտների օրենսդրության կատարելագործման ուղղությամբ ծրագրավորվող եւ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների հաջող իրականացման հարցում կարեւոր նշանակություն ունեն հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները: