Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` հավելելով. «Նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով»:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։
Վերջերս «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նա մասնավորապես նշել էր.
«ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում»։
ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի համաձայն՝ «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։