կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-12 17:22
Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի են արժանացել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտավորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հիշյալ երկրների միջեկեղեցական կառույցների պատվիրակներ:

Նախորդ օրը կեսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվել է ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրել են իրենց երդմնագրերը:

Նույն օրը երեկոյան Բաց խորանի առջև կատարվել է ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ավստրիայից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ: 

Մայիսի 12-ին Սուրբ Պատարագը սկսվել է Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդվել են դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվել է Սրբազան Խորհուրդը:

Առընթերականերն էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, խարտավիլակն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Մայր Տաճարի երգչախումբը ղեկավարեց խմբավար Խորեն Մեխանեջյանը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Հայոց Հովվապետը շարունակել է ընծայացուների համար իր աղոթքներն ուղղել առ Աստված` հայցով` «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվել են աշխարհից:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հանդիսավոր թափորով Ս. Խորան է բարձրացրել Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Սերովբե, Դանիել և Տիրան վարդապետներին, օծել է նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվել են նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա հավատավոր ժողովրդին է ներկայացրել նորաօծ եպիսկոպոսներին, ապա վերջիններին ուղղել իր հայրապետական պատգամը:

 Ս. Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու առիթով նորընծաներին Խորանի առջև շնորհավորել է նաև հավատավոր ժողովուրդը:

Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները: