Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի Շվեդիայի հանձնախմբի ու ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հրավերով Հայաստան ժամանած Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներին. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում ունեցած դերակատարության մասին: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ ժողովուրդն իր անսասան ու զորեղ հավատքի շնորհիվ կարողացել է դիմագրավել բազմապիսի փորձություններ:
Իր հերթին Սոդերթելիեի քաղաքապետուհին արձանագրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քաղաքապետուհին Նորին Սրբությանը նաև տեղեկություններ փոխանցեց իր քաղաքի հայկական համայնքի գործունեության մասին՝ ընդգծելով, որ հայերը կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքի վարչական, տնտեսական և հասարակական կյանքում: Տիկին Բուել Գոդները ուրախությամբ նշեց, որ Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցին Սոդերթելիե քաղաքում է կառուցվել, ուր առկա են նաև ամենաշատ քրիստոնեական համայնքները:
Գարեգին Բ. Հայրապետը՝ ի դեմս քաղաքապետուհու, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հագատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Միջին Արևելքում քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին և քրիստոնյաների արտագաղթին: