կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 15:49
Քաղաքական

Ինչո՞ւ էր «Իմ քայլը» փակ նիստ հրավիրել ԱԺ-ում

Ինչո՞ւ էր «Իմ քայլը» փակ նիստ հրավիրել ԱԺ-ում

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր խորհրդարանում փակ հանդիպում էր անցկացնում, որը մոտ երկու ժամ տևեց: Հանդիպման ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնվեց լրագրողների շուրջկալում:

Ինչո՞վ էր պայմանավորված խմբակցության փակ նիստը, ի՞նչ հարց էր քննարկվում, հնարավո՞ր է` այն կապված էր նախորդ քառօրյայի վերջին օրը տեղի ունեցած իրադարձության հետ, երբ, Մակունցի գլխավորությամբ, պատգամավորներն այցելել էին Արցախ՝ մոռանալով ԱԺ-ի կարևոր քվեարկության մասին:

Վերոնշյալ հարցերին պատասխանելով` Մակունցը նախ նշեց, որ խմբակցությունում պարբերաբար խորհրդակցական հանդիպումներ են տեղի ունենում, ապա հաստատեց` այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին: «Մենք` որպես պատվիրակություն, տեղեկացնում էինք, թե ինչ է տեղի ունեցել, և մյուս պատգամավորներին էինք ներկայացնում մանրամասները: Ինչ վերաբերում է քվեարկության հարցում տեղի ունեցած խնդրին` ասեմ, որ դա զուտ տեխնիկական է եղել: Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո` երկրորդ ընթեցման ժամանակ, հարցը չցանկանայինք անցկացնել»,- մեկնեց նա` ընդգծելով, որ կարևոր էր հենց ուրբաթ օրն Արցախում լինել, երբ Վիեննայում զուգահեռաբար ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Արցախ այցելությունը, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, ենթադրում էր ԱԺ-ի օրենսդիրի, հայկական երկու պետությունների խորհրդարաններում ձևավորված հանձնաժողովների ու Արցախի նախագահի հետ հանդիպում:

«Սա, ըստ էության, մեր առաջին պաշտոնական այցն էր Արցախ: Նախնական որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություններ կան` հետագայում աշխատելու հետ կապված: Մեզ համար չափազանց կարևոր էր ապահովել միասնականության շարունակությունը, և այդ դինամիկան չպետք է նվազի»,- հավելեց Մակունցը: