Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մարտի 11-ին, կայացել է ԱՀ կառավարության հերթական նիստը նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված 15 հարցերից կարեւոր 5-ը՝ ստորեւ։
Շրջվարչակազմի ղեկավարները՝ որոշողներ
Շրջանների վարչակազմերին նախարարությունների գործառույթների փոխանցման ծրագիրը շարունակվում է։
Կառավարության որոշմամբ՝ ԱՀ պետական բյուջեի միջոցառումների հաշվին իրականացվող՝ ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման, գյուղերի ճանապարհների սալապատման, շրջանի համայնքներին, բնակիչներին շինանյութերի տրամադրման, սանիտարական մաքրման, կանաչապատման, բարեկարգման, ջրամատակարարման համակարգերի պահպանման, շահագործման աշխատանքները եւ դրանց դիմաց վճարումների բախշումն այսուհետ իրականացնելու են շրջանների վարչակազմի ղեկավարները:
Արտաբյուջետային միջոցները՝ կառավարության հայեցողության տակ
ԱՀ պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշիվները եւ գնումների պլանն այսուհետ հաստատվելու է ԱՀ կառավարության որոշմամբ՝ տվյալ տարվա պետբյուջեով: Իսկ հաստատված նախահաշիվներում սահմանված հատկացումները, ինչպես նաեւ ցուցանիշների միջեւ ներքին հոդվածային վերաբաշխումներն ու գնումների պլանի փոփոխություններն ընդհանուր առմամբ իրականացվելու են բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հանրային քննարկումների կազմակերպում
Կառավարության որոշմամբ՝ այսուհետ իրավական ակտերն ընդունվելու են միայն հանրային քննարկումների փուլն անցնելուց հետո։ Հանրային քննարկումների կազմակերպումը նախագահ Բակո Սահակյանը բավարար չի համարել. առաջարկել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաեւ հանրային խորհուրդին։
«Ես դրա անհրաժեշտությունն եմ տեսնում, որովհետեւ, դժբախտաբար, շատ դեպքերում մեր քննարկումներն իրականությանը չեն համապատասխանում եւ մեր կողմից ընդունված որոշումները դեկլարատիվ բնույթ են կրում։ Ես դեմ եմ նման աշխատանքին»,-ասել է նախագահ Բակո Սահակյանը։
180 վերաբնակ ընտանիք՝ ծրագրի շահառու
Վերաբնակիչների եւ փախստականների սոցիալական խնդիրների լուծման նպատակով 2019թ. պետական բյուջեով նախատեսվել է 25 միլիոն դրամ՝ 180 վերաբնակ ընտանիքի հաշվարկով խոշորացված 8 միջոցառում իրականացնելու նպատակով։
Սոցիալական ծրագիրը ներառում է հետեւյալ 8 աջակցությունները. միանվագ դրամական օգնություն, գույքի տեղափոխման փոխհատուցում, ճանապարհածախսի փոխհատուցում, սոցիալ-կենցաղային եւ գյուղատնտեսական վարկեր, բնակելի տների սեփականաշնորհում, բնակարանային պայմանների բարելավում, բնակարանային կոմունալ ծառայությունների վարձավճարի փոխհատուցում, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում:
1-ի փոխարեն՝ 2 սենյականոց բնակարան
Կառավարության որոշմամբ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող 1 սենյականոց բնակարանի փոխարեն այսուհետ տրամադրվելու է 2 սենյականոց բնակարան։
«1 սենյականոց բնակարան տրամադրելով՝ մենք վերջնական լուծում չենք տալիս ծնողազուրկ երեխաների խնդրին»,- ներկայացնելով կառավարության նախագիծը՝ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտին առնչվող փոփոխություններին կանդրադառնանք առաջիկայում:
aparaj.am