կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-04 11:21
Հասարակություն

Հարձակվել են Նարեկ Մալյանի վրա. Փաշինյանի արձագանքը և «Ռեստարտ»-ի խոստովանությունը

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա հարձակման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»:

Տեղեկացնենք, որ գիշերը 12-ի մոտակայքում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին նա նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա` «ֆեյբուքյան լայվ»-ով պատմել դեպքի մանրամասները:

Ըստ Մալյանի՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Որոշ ժամանակ անց միջամտել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին: 

Մալյանը նշել է, որ թեև դեպքը ոստիկանությունում քննվում է ծեծի դրվագով, սական տեղի է ունեցել խուլիգանություն:

Նա նաև հայտարարել է` երկուշաբթի՝ մարտի 4-ին` ժամը 13:00-ին, Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Դեպքին անդրադարձել էին նաև «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է արձանագրենք, որ ապրիլ-մայիսյան փոփոխությունից հետո բազմաթիվ դրական աշխատանքներ ունենք անելու: Մենք փորձում ենք մեզանով այդ բացը լրացնել: Բայց զարմանալի չէ, որ կան մարդիկ, որոնք այդ փոփոխությունները չեն ուզում նկատել: Քանի որ չեն կարող փաստարկներով խոսել, մնում է անձնական վիրավորանքներով խոսելը: Սա խոսում է Նարեկ Մալյանի էության ու կերպարի մասին:

Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երեւանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է: Այսօր այստեղ իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք:Մենք իրեն մատով անգամ չենք կպել, ոչ մի հայհոյանք չենք տվել:

Ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, թույլ չտվեցին, որ նրան նետենք աղբամանը, եւ նա այնտեղ չհայտնվեց: Բոլոր այն մարդկանց, ում Նարեկ Մալյանը վիրավորել է, ինքն այդ պատասխանը ստացել է»:

Դավիթ Պետրոսյանը նաեւ նշել է, որ չեն պատրաստվում Նարեկ Մալյանի հետ հարցուպատասխանի մեջ մտնել:

Հավելենք, որ Նարեկ Մալյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ինքը  կանխատեսել էր այդ հարձակումը: «Կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցը, և նրանք գործի կդնեն իրենց ապուշության գագաթնակետը, այսինքն՝ բռնության կդիմեն»,– ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր նա։

Մալյանը նաև հայտնել է, որ ոստիկանությունում իրեն համոզում էին, որ ցուցմունք տա, որ իրեն ծեծել են: «Բայց ինձ չեն ծեծել: 14 հոգով ոչինչ չեն արել»,- ասել է նա:

Մալյանը հայտարարել է, որ այսօր ԵՊՀ շենքի դիմաց կազմակերպելու են Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի «քաղաքացիական հոգեհանգիստը»: «Նրանց հանրային աջակցությունը հավասարվել է զրոյի, արդեն չկա, և նրանք ապրում են ոչ թե հանրային աջակցությամբ, այլ դրա հույսերով»,- ասել է նա:

Հավելենք, որ քիչ առաջ բերման ենթարկված անձինք`«Ռեստարտ» նախաձեռնության անդամները, բաց են թողնվել: