2018 թվականն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համար եղել է ոլորտային խնդիրների ուսումնասիրության, համակարգային մոտեցման, նոր ծրագրերի նախապատրաստման տարի:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նա նշել է, որ կրթության բոլոր օղակներում ակտիվացել են աշխատանքները, այդ թվում՝ ոլորտի խնդիրների վերհանման և ուսումնասիրման, նոր ռազմավարության մշակման:
«Աշխատանքներ են տարվել ներառական, կրթական տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման, դպրոցները նոր մասնագետներով համալրման և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններով»,-նշել է նախարարը:
Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտի մասին՝ Ն. Աղաբալյանն ասել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ է իրականացվել. կառուցվել են են տասնյակ նոր նախադպրոցական հաստատություններ:
«Գործող նախադպրոցական հաստատություններում իրականացրել ենք մշտադիտարկում: Առաջիկայում նախադպրոցական հիմնարկների մասնագետների և դպրոցների տնօրենների մասնկցությամբ նախատեսում ենք կազմակերպել քննարկում. այս գործընթացին մասնակից ենք անելու նաև տարբեր գերատեսչությունների»,-ավելացրել է ոլորտի պատասխանատուն:
Նա տեղեկացրել է, որ նախարարությունը գյուղական մի շարք համայնքներում գործող մանկապարտեզներին տրամադրում է մեթոդական օգնություն: Արցախի շուրջ 6000 երեխաներ այսօր ընդգրկված են նախադպրոցական հիմնարկներում, իսկ ավելի քան 3500 երեխաներ դեռևս՝ ոչ:
«Պետության միջոցները բավարար չեն, որ կարճ ժամանակահատվածում կարողանանք այդ երեխաներին ևս ընդգրկել նախադպրոցական կրթության մեջ: Դրա համար պետք է մշակել նոր ծրագրեր»,-հավելել է Ն. Աղաբալյանը:
Ասուլիսին նախարարն անդրադարձել է նաև կրթության և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցերի և խնդիրների: Վերջում Ն. Աղաբալյանը պատասխանել է լրագրողների հարցերին: