կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 11:27
Քաղաքական

«Ի՞նչն է ձեզ ստիպում ադրբեջանական թեզեր հնչեցնել». «Սա հին Հայաստանի խորհրդարա՞նն է». թեժ կռիվ` ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների միջև

«Ի՞նչն է ձեզ ստիպում ադրբեջանական թեզեր հնչեցնել». «Սա հին Հայաստանի խորհրդարա՞նն է». թեժ կռիվ` ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների միջև

7-րդ գումարման ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեժ վեճ տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության` ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորների միջև:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդես եկավ ելույթով և մեղադրանքներ հնչեցրեց տարբեր դեսպանների հասցեին: Մասնավորապես` Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին նրա արած հայտարարությունները դուր չեկան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին:

«Տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել քրեական անցյալ ունեցող անձինք: Ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Այդ նույն անձը զբաղված է  եղել Ուկրաինայում ավելի շատ Ռուսաստանի շահերը առաջ տանելով, այլ ոչ թե Հայաստանի: Այն ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել այդ երկրում ՌԴ դեսպանի հետ, նրա հետ զբաղվել նկարների առքուվաճառքով: Դրա պատճառով է որ Մայդանի դեպքերից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են ողբերգական մակարդակի»,- ասաց Բաբաջանյանը:

Արդեն նշեցինք, որ այս ելույթը դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին, որը երեք տարի եղել է Մանուկյանի խորհրդականը:

«Ըստ երևույթին` պարոն Բաբաջանյանը տեղյակ է, որ ես երեք տարի աշխատել եմ Անդրանիկ Մանուկյանի խորհրդարական և մի քանի հարց ունեմ: Այն թեզերը, որ Դուք հնչեցրեցիք, հիմնականում հայկական դաշտ են գցվել ադրբեջանական կողմից: Ի՞նչն է Ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ բրթել»,- հարցրեց նա:

Աբովյանն ասաց, որ զարմացած է` կարծում է, թե մի քիչ ուրիշ ձևով ելույթը կընթանա: «Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ԼՀԿ խմբակցության պատգամավորը»,- հարցրեց նա և շարունակեց. «Տեղեկությունների ցանկ կա, որը ես իրավասու չեմ հնչեցել, բայց կարող եմ ասել` ոչ մի օր չի եղել, որ պարոն Մանուկյանը  մի վայրկյան գոնե չծառայի իր հայրենիքին: Դուք քրեածին բառը օգտագործեցիք, դա պրոպագանդայի երևույթ է, ես թույլ չեմ տա այն մարդկանց մասին, որոնք իրենց կյանքը զոհաբերել են մեր երկրին, ժողովրդին, այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի»:

ԲՀԿ-ականը հայտարարեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր, որ Անդրանիկ Մանուկյանին հետ կանչեն դեռ նախկին իշխանությունների օրոք: «Չեմ հասկանում` ի՞նչն է ստիպում ադրբեջանական այն թեզերը, որոնք ներմուծվել են հայկական ինֆորացիոն դաշտ, հնչեցնել: Ի՞նչն է ձեզ ստիպում շարունակ զրպարտությամբ զբաղվել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Աբովյանի այս հայտարարությունը դուր չեկավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Նա տեղից միջամտում էր Աբովյանի ելույթին: Այնուհետև վեճ սկսվեց ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորների միջև: Մասնավորապես` Մարուքյանը տեղից վեր էր կացել, գոռգոռում էր. «Էս կարող ա՞ հին Հայաստանի խորհրդարանն է»:

Նրան հակադարձեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, բայց ամենաթեժ խոսակցությունը ընթանում էր Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանի միջև: Նաիրա Զոհրաբյանը փորձում էր հանդարտեցնելնրանց:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին չէր հաջողվում կարգի հրավիրել ընդդիմությանը: «Պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի ինստիտուտի, նախագահության և միմյանց նկատմամբ»,- հորդորեց նա:

Աբովյանն էլ, դիմելով ԲՀԿ-ականներին, նշեց, որ իրավունք չունեն իրեն ուղղորդելու: «Ինձ մի' ընդհատեք: Եվս մեկ անգամ ասեմ` եթե իմ գործընկերներին հետաքրքիր կլինի, ես իրավասու չեմ որոշակի տեղեկություն տալ, բայց կարող եմ պարոն Բաբաջանյանին կամ Մարուքյանին և, առհասարակ, ԼՀԿ-ին փաստեր բերել, որ Մանուկյանն, իր կյանքը վտանգելով, ծառայել է Հայաստանի շահին»,- եզրափակեց նա:

Ի վերջո, ԱԺ նախագահի հորդորներով պատգամավորները հանդարտվեցին: