Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 25-ին, կաթողիկե աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Այն նշում են նաեւ Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետեւորդները: Վերջին տարիներին Կաթողիկե եկեղեցու հետևորդները ծննդյան տոները նշում են բավական մեծ շուքով: Մինչ դեկտեմբերի 25-ին մատուցվող ծննդյան ավետիսի պատարագը, կաթողիկե բոլոր համայնքներում դեկտեմբերի 24-ին երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որին մասնակցում են ընտանիքներով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 24-ին երեկոյան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում, եկեղեցու ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ: «Քրիստոսի մեծության մեջ մարդիկ կարողացան տեսնել իրենց փոքրությունը, Քրիստոսի անհունության մեջ՝ իրենց հունավորությունը, և Քրիստոսի մարդկության մեջ կարողացան տեսնել իրենց մարդկության չափը և Քրիստոսի Աստվածության մեջ կարողացան տեսնել այն հնարավորությունը, որ իրենք ևս կարող են դեպի Աստվածություն գնալ: Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք ինքներս մեզ, Իր լույսի մեջ ՝ մեր խավարը, Իր անբծության մեջ՝ մեր բծերը: Եվ մի՞թե սա տոն չէ»,-իր խոսքում նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:
Դեկտեմբերի 25-ին Ծննդյան սուրբ պատարագը մատուցվեց Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, եւ Արևելյան Եւրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ համար՝ որպես հայ կաթողիկե եկեղեցի, Քրիստոսի ծնունդը տոնում ենք այսօր, միևնույն ժամանակ, հունվարի 6-ին տոնում ենք Քրիստոսի Հայտնությունը, բայց մենք ամեն օր՝ Քրիստոսի ծննդից մինչ օրս պետք է տոնենք Քրիստոսի հայտնությունը, որ եկավ աշխարհ և մեզ փրկեց Աստծո-հոր հետ: Իմ մաղթանքս է Քրիստոսի բարեկամության մեջ ու հավատքով ապրել ողջ կյանքը»,-նշեց սրբազանը:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Տարիներ շարունակ կաթողիկե համայնքների բնակիչները, հետևելով իրենց եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախել եւ հաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ հավատարիմ իրենց եկեղեցուն: Միայն Շիրակի մարզում կա գործող 9 կաթողիկե եկեղեցի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կաթողիկե առաջնորդարանից՝ Շիրակում կաթողիկե հետևորդներ ունեցող համայնքներ շատ կան: Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայնքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին: Գյումրիում կան նաև մարդիկ, ովքեր հաճախում են թե՛ կաթողիկե, թե՛ առաքելական եկեղեցի:
Արմենուհի Մխոյան