կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 14:41
Հասարակություն

Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր

Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը. տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Նա բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում սահման և ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ պատվով է վերադառնալու:

Ավանդույթի համաձայն` սահման մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:

Դիրքեր մեկնող ոստիկանների համար անակնկալ ուներ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը:

1033 զորամասի ոստիկանները գնացին, 1032 զորամասի ոստիկանները մարտական առաջադրանքը փայլուն կատարած՝ վերադարձան:

Ոստիկանության պետը զինծառայողներից մեկի որդու՝ Գոռի հետ է եկել նրանց դիմավորելու:

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար ու փոխանցեց վարչապետի պաշտոնակատարի ողջույնները:

Շարքից դուրս եկան օրեր առաջ 2 դիրքում հատուկ առաջադրանք կատարած ոստիկանները: Նրանց ոստիկանության պետն անհատապես շնորհակալություն հայտնեց: Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով:

Մարտական առաջադրանքը կատարած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն ծառայության՝ հասարակական կարգի պահպանությանը: